Հենրիկ Մխիթարեան Պիտի Չմասնակցի Հայաստանի Ազգային Հաւաքականին Մրցումներուն

By Asbarez | Tuesday, 08 March 2022



ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի խմբապետ Հենրիկ Մխիթարեան յայտարարեց, որ հաւաքականին մէջ իր ելոյթները աւարտեցան: Ան այս մասին հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.

«Յիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հաւաքականի մարզաշապիկը Պանամայի դէմ ընկերական խաղում եւ երբ խփեցի առաջին գօլս աշխարհի առաջնութեան որակաւորման փուլի Էստոնիայի դէմ խաղում: Անկախ դժուարութիւնից՝ ցանկացել եմ յաղթել ասպարէզիս ամէն քայլափոխին:

«Վերջին 15 տարիների ընթացքում մեծագոյն պատուով եմ խաղացել իմ ազգային հաւաքականում, իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ առաւել պատուով կրել նրա աւագի թեւկապը:

«95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նուիրումից եւ իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադէպ վերելքներից եւ վայրէջքներից յետոյ որոշում եմ կայացրել աւարտել Հայաստանի ազգային հաւաքականի կազմում մրցելոյթներս:

«Այս եզրայանգմանն եմ եկել Նոյեմբերին Գերմանիայի դէմ կայացած իմ վերջին խաղից յետոյ: Կարծում եմ, որ ճիշդ ժամանակն է եւ, որ տուել եմ իմ հաւաքականին ամէնը՝ ինչ կարող էի:

«Հետեւաբար առաջիկայ տարիներին ամբողջութեամբ կենտրոնացած կը լինեմ ակումբային մրցելոյթներիս վրայ:

«Իմ ֆուտբոլային սկիզբը կերտուել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, եւ ես յաւերժ երախտապարտ կը լինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր մարզել ու կրթել են ինձ, ում հետ ես խաղացել եմ եւ վերջապէս իւրաքանչիւրին, ով նպաստել է իմ՝ որպէս ֆուտբոլիստ եւ որպէս մարդ, կայացմանը:

«Յաջողութիւններ իմ ազգային հաւաքականին:

Ընդմիշտ ձեր՝ Հենօ»:

comments