By Asbarez | Friday, 12 February 2010
Կովկասի անվտանգութեան ինձ համար ընդունելի բանաձեւը հաստատուն խաղաղութեան կերտումն է՝ հիմնուած գոյութիւն ունեցող շահերի համադրման եւ մեր ժողովուրդների դաւանած արժէքների վրայ՝ ապրելու ու արարելու, բռնութեան բացառման, մարդասիրութեան արժէքների վրայ:
Հայաստանը հաստատապէս հաւատում է ազատութեան, խաղաղութեան ու համագործակցութեան արժէքներին: Մենք հաւատում ենք, որ միայն տարածաշրջանային համագործակցութիւնն ու երկխօսութիւնը կարող են հնարաւոր դարձնել մեր ընդհանուր տեսլականը՝ խաղաղ ու կայուն տարածաշրջանի ձեւաւորումը: Իրականում Հարաւային Կովկասն այն տարածաշրջաններից է, որտեղ կան անյաղթահարելի թուացող բաժանարարներ, որտեղ պետութիւնների միջազգայնօրէն ճանաչուած քաղաքական քարտէզը տարբերւում է իրականութիւնից, որտեղ փխրուն կայունութիւնը չափազանց խոցելի է, իսկ խաղաղութեան վերահաստատումը պահանջում է հսկայական ջանքեր:
Եւրոպայի նորագոյն պատմութիւնը համագործակցութեան միջոցով հակասութիւնները յաղթահարելու պատմութիւն է: Հայաստանը միշտ էլ հանդէս է եկել հէնց այդ դիրքերից: Դրան է միտուած մեր քաղաքականութիւնը: Այդ ճանապարհով ենք մենք նաեւ պատրաստ առաջ շարժուել հայ ժողովրդի համար կարեւոր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ճանապարհին, մի հիմնախնդիր, որ անասելի մեծ ցաւ ու կորուստներ է բերել իմ ժողովրդին:
Մենք ականատես ենք եղել ամենադաժան էթնիկ զտումների եւ տեղահանման քաղաքականութեան: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրաւունքը ստիպուած է եղել պաշտպանել արեան գնով՝ իրեն պարտադրուած պատերազմի ընթացքում: Մենք պէտք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնց իրագործումը չի բերի նոր տեղահանումների եւ նոր էթնիկ զտումների: Մենք պէտք է գիտակցենք, որ Ղարաբաղի ժողովուրդը համարում է, որ արդէն կարողացել է մի կողմից վերականգնել ստալինեան բռնապետութեան ժամանակ խաթարուած պատմական արդարութիւնը, իսկ միւս կողմից՝ երաշխաւորել իր ֆիզիկական գոյատեւման համար անհրաժեշտ նուազագոյն պայմաններ: Այս գիտակցումով է, որ մենք շարունակում ենք բանակցութիւններն Ադրբեջանի հետ եւ այդ գիտակցումով է, որ մենք ընկալում ենք խաղաղութեան այս գործընթացն ու միջնորդական ջանքերը:
Իրականութիւնն այն է, որ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Այն Ադրբեջանի կազմ է մտցուել Սովետական Միութեան կուսակցական մարմնի որոշմամբ, որի Կովկասեան բիւրոյի նիստը, քամահրելով Ազգերի լիգայի որոշումը եւ մերժելով ժողովրդական հանրաքուէն՝ որպէս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների որոշման ժողովրդավարական մեխանիզմ, 1921 թուականին, Ստալինի անմիջական ճնշման ներքոյ, ընթացակարգային խախտումներով որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղի բռնակցման մասին՝ այդ հայկական տարածքների վրայ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ազգային ինքնավարութիւն կազմաւորելու պայմանով:
Այդպիսի լուծման հետ Ղարաբաղի բնակչութիւնն այդպէս էլ չհաշտուեց խորհրդային ողջ ժամանակահատուածում: Չեմ ուզում կրկին անգամ յիշեցնել խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տարուող հայաթափման քաղաքականութեան մանրամասների եւ ղարաբաղցիների պարբերական ընդվզումների մասին. դրանք քաջ յայտնի են բոլորին: Ուզում եմ միայն յիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, ճիշտ այնպէս, ինչպէս 15 միութենական հանրապետութիւնները, Խորհրդային միութեան կազմից դուրս է եկել հէնց խորհրդային օրէնքների տառին, ինչպէս նաեւ միջազգային բոլոր օրէնքներին ու սկզբունքներին համապատասխան: Ցանկանում եմ ամփոփել ելոյթիս այս հատուածը եւ կրկնել. Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այն Ադրբեջանին բռնակցուել է Սովետական Միութեան կուսակցական մարմնի որոշմամբ, ինչի հետ ղարաբաղցիները երբեք էլ չեն հաշտուել եւ առաջին իսկ հնարաւորութեան դէպքում օրինական ճանապարհով դուրս են եկել ԽՍՀՄի կազմից:
Խնդիրը նուրբ ու զգայուն շատ կողմեր ունի: Ես յորդորում եմ բոլորին երիցս ուշադիր լինել ԼՂ հիմնախնդրի մասին հրապարակաւ արտայայտուելիս, հաշուի առնել բոլոր հարթութիւնները, հաշուի առնել հնարաւոր հետեւանքներն ու կողմերի ընկալումները եւ միշտ յենուել խնդրի մանրամասներին քաջածանօթ ու դրա խաղաղ լուծման գործում մասնագիտացուած կառոյցների՝ այս դէպքում ԵԱՀԿ մօտեցումների վրայ: Խնդիրը լուծում ունի միայն միջազգային իրաւունքի՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականութեան եւ ուժի չկիրառման սկզբունքների համատեքստում: Սա այսօր արդէն գիտակցում են հիմնհարցով զբաղուող բոլոր կողմերը: Եւ չարժէ որեւէ առիթով, խօսելով ԼՂ հակամարտութեան մասին, ընդգծուած տոնայնութիւն տալ <<տարածքային ամբողջականութիւն>> հասկացութեանը, առաւել եւս, որ նոյնիսկ այս հասկացութեան եզակիութեան ընդունումը ԼՂ հիմնախնդրի դէպքում ամենեւին էլ չի նշանակում այն, ինչ փորձ է անում ներկայացնել Ադրբեջանը:
Ես հռետորական հարց եմ տալիս բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են տարածքային ամբողջականութեան ջատագովներ: Իսկ ու՞ր էիք երբ Սովետական միութեան փլուզման ժամանակ սահմաններ էին փոխւում, ու՞ր էիք, երբ Հարաւսլաւիան էր տարբաժանւում: Ինչու՞ էք կարծում, որ Ադրբեջանը կարող էր դուրս գալ ԽՍՀՄ կազմից, իսկ Լեռնային Ղարաբաղը չէր կարող: Ինչու՞ էք կարծում, որ մեծ կայսրութիւնները կարող են տարբաժանուել, իսկ փոքրերը պէտք է մնան: Որն է՞ հիմքը. անկայունութիւ՞ն: Չեմ ընկալում, չեմ ընդունում. անկայունութեան ամենամեծ հիմքը անարդար որոշումներն են:
Ադրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնութիւնների գոյատեւման հանդէպ վստահութեան պաշարը: Նա ի վիճակի չի եղել եւ այսօր էլ ի վիճակի չէ նման ինքնավարութեանը նոյնիսկ ներքին անվտանգութեան երաշխիքներ տալու: Մէկ այլ հայկական ինքնավարութիւն էլ կար Ադրբեջանի կազմում՝ Նախիջեւանը, ի՞նչ եղաւ. մէկ հայ էլ չմնաց: Արդեօ՞ք այդպիսի երաշխիքները կարելի է հիմք ընդունել: Կ՛ասէք այն ժամանակուայ Ադբեջանն ուրիշ էր, հիմիկուանը ուրի՞շ: Այս <<ուրիշ>> Ադրբեջանի պայմաններում 18 տարուայ ընթացքում նոյն Նախիջեւանում աւելի շատ հայկական-քրիստոնէական կոթողներ են ոչնչացուել, քան նախորդ 70 տարիների ընթացքում: Իսկ մշակութային ժառանգութիւնը պաշտպանող միջազգային կազմակերպութիւններն ուղղակի ոչինչ անել չկարողացան. նրանց Ադրբեջանը նոյնիսկ այցելել եւ աւերուած հայկական կոթողները, կատարուած վանդալիզմի հետեւանքները տեսնել արգելեց:
Միեւնոյն ժամանակ Հարաւային Կովկասում շարունակւում է սպառազինութիւնների մրցավազքը, շարունակւում է լայն թափով: Այս մրցավազքը խիստ վտանգաւոր է. վտանգաւոր է Հարաւային Կովկասի բոլոր ժողովուրդների համար, Եւրոպայի ու տարածաշրջանում շահեր ունեցող տէրութիւնների համար, Կովկասում ներդրումներ կատարած կորպորացիաների համար, բոլորի համար: Սովորական սպառազինութիւնների համար գոյութիւն ունեցող բոլոր թոյլատրելի չափաքանակները գերազանցող Ադրբեջանն այսօր որեւէ լուրջ գնահատականի ըստ էութեան չի արժանանում: Իսկ այն զէնքը, որն այսօր կուտակում է Ադրբեջանը, եթէ նոյնիսկ չկրակի Ղարաբաղի հետ պատերազմում, ապա միեւնոյն է՝ ինչ-որ տեղ կրակելու է: Հարցն այն է, թէ որտեղ եւ երբ: Երբ առաջատար պետութիւնները մեծ գումարներ են ծախսում նաւթ գնելու համար, չեմ կարծում, թէ այդ երկրների համար պէտք է միեւնոյնը լինի, թէ ինչի վրայ են ծախսւում իրենց գումարները: Փաստն այն է, որ հէնց այդ գումարները կարող են այնուհետեւ դառնալ շատ աւելի մեծ վտանգների աղբիւր, ինչի օրինակներ մենք տեսել ենք:
Հայաստանն ու Ղարաբաղը երբեք պատերազմ չեն սկսել ու չեն էլ սկսի: Մենք ատում ենք պատերազմը, ատում ենք ողջ հոգով եւ դրա համար մենք ունենք լրջագոյն պատճառներ. մեր սերունդը ստիպուած է եղել ուղիղ նայելու մահուան աչքերին, տեսել ու կորցրել է աւելին, քան կարելի է ենթադրել: Բայց մենք գիտակցում ենք, որ պէտք է պատրաստ լինենք պատերազմի այն դէպքի համար, երբ ուրիշները ցանկանան դա: Եւ մենք չենք կարող աչք փակել հարեւան երկրից անընդհատ եկող պատերազմական սպառնալիքների վրայ, երբ անգամ երկրի Նախագահի ամանորեայ ուղերձն իր ժողովրդին գրեթէ ոչնչով չի տարբերւում ճակատամարտի մղող խմբապետի վարքագծից: Պատերազմի հռետորութիւնը Կովկասում սաստկանում է: Հայաստանը յոխորտանքներին գերազանցապէս չի պատասխանում: Ինչպէս æոն Քէննեդին է նշել. <<<<Մենք կարիք չունենք սպառնալիքներ տեղալու, որպէսզի ապացուցենք, որ հաստատակամ ենք>>: Բայց դրանով հարցը չի լուծւում: Յոխորտանքը նոյնպէս բռնութիւն է, իսկ բռնութիւնը բռնութիւն է ծնում:
Զաւեշտն այնտեղ է հասել, որ հարիւրաւոր միլիոններ մսխող ադրբեջանական քարոզչութիւնը ամէնուր եւ անընդհատ փորձում է ագրեսորի (նախայարձակ-Խմբ.) պիտակ կպցնել Ղարաբաղին, մարդկանց, ովքեր ստիպուած են եղել զէնք վերցնել բառացիօրէն չբնաջնջուելու համար: Նման գործելաոճը յիշեցնում է ֆրանսիական ասացուածքը. <<Այս արարածը շատ կատաղի է. հէնց յարձակւում ես՝ սկսում է պաշտպանուել>>: Իրականութիւնն այն է, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդը այսօր էլ եւ միշտ պատրաստ է լինելու պաշտպանել գոյութեան իր իրաւունքը, պաշտպանել իր արժէքները, իր եկեղեցիներն ու խաչքարերը:
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը կայացած պետութիւն է իր կառոյցներով, բանակով եւ որ ամենակարեւորն է՝ սեփական ճակատագիրն ինքնուրոյն տնօրինող քաղաքացիներով: Այսօր ի դէմս Արցախի՝ մենք, ինչպէս նաեւ ողջ միջազգային հանրութիւնը, գործ ունենք ազատութեան, ինքնիշխանութեան եւ ժողովրդավարութեան իդէալները կեանքի կոչող արդիական հանրապետութեան հետ, որ ի հեճուկս բոլոր օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) եւ արհեստական դժուարութիւնների, ծանր փորձութիւնների, առաջընթաց է ապրում, կայացնում պետական-ժողովրդավարական ինստիտուտները, զարգացնում իր տնտեսութիւնն ու մշակոյթը, պաշտպանում խաղաղութիւնը: Եւ ամենեւին էլ պատահական չէ, որ հեղինակաւոր <<Ֆրիդըմ Հաուս>> կազմակերպութիւնը իր <<Ազատութիւնն աշխարհում>> զեկոյցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը դասում է աշխարհի մասամբ ազատ ժողովրդավարութեան երկրների շարքը, մինչդեռ Ադրբեջանը նոյն դասակարգման համաձայն համարւում է անազատ: Ինչպէս ասում են՝ մեկնաբանութիւններն աւելորդ են:
Եզրակացութիւնը միանշանակ է. անցել են սեփական հողի վրայ ապրող ժողովրդի գաղութացման ժամանակները: Մեր համոզմունքն է, որ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը պէտք է յենուի մարդու իրաւունքների եւ Ղարաբաղի ժողովրդի՝ որպէս հաւաքական ինքնութեան արտացոլողի կամքի վրայ: Միայն այդ դէպքում լուծումը կարող է լինել տեւական, իրականանալի եւ խաղաղ: Այդպիսի լուծման այլընտրանքը Ղարաբաղի ժողովրդի համար բռնի վերադարձն է Ադրբեջանի կազմ, ինչն անխուսափելիօրէն կը բերի Լեռնային Ղարաբաղի հայաթափութեանը: Ինչպէս ասում են՝ երրորդը տրուած չէ: Մանաւանդ, որ վերջին 20 տարուայ ընթացքում ԼՂ բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը Ադրբեջանի կողմից որակւում է որպէս <<յանցագործ>>: Հետեւաբար, հաշուի առնելով նման այլընտրանքի հետեւանքները, մենք յստակօրէն բացառում ենք որեւէ ճնշման տակ Ղարաբաղի հարցում այնպիսի զիջումների գնալը, որոնք կը վտանգեն Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյութիւնն ու անվտանգութիւնը, արժանավայել ապրելու իրաւունքը:
Համոզուած եմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող երկխօսութիւնը եւ դրա ներկայ ընթացքը ձեր հետաքրքրութիւնների շրջանակում է: Ընդհանրապէս նկատել եմ, որ փորձագիտական շրջանակներն ամէնուր առաւել աչալրջութեամբ են հետեւում ու վերլուծում այս գործընթացը: Յիշեցնեմ, որ Նախագահ Գիւլին Հայաստան հրաւիրելու եւ Հայաստան-Թուրքիա երկխօսութիւնը սկսելու իմ նախաձեռնութիւնն առաջին անգամ ես հնչեցրել եմ հէնց փորձագէտների այսօրինակ հաւաքի ժամանակ՝ Մոսկուայում, ինչը մեծ արձագանք գտաւ ուղղակի րոպէներ անց:
Վերջին մէկ տարուայ ընթացքում մենք բաւական առաջ ենք շարժուել Թուրքիայի հետ առանց նախապայմանների բնականոն յարաբերութիւններ հաստատելու ճանապարհին: Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները մենք դիտում ենք շատ աւելի լայն՝ տարածաշրջանային եւ միջազգային համատեքստում: Վստահ եմ, որ անցել է փակ սահմանների եւ վերջնագրերի ժամանակը: Այսօրուայ աշխարհի գունապնակը շատ աւելի ընդարձակ է, քան պարզապէս սեւն ու սպիտակը: Մենք պէտք է բոլորս գիտակցենք դա եւ ստեղծենք հնարաւորութիւններ բնականոն շփումների, գործակցութեան, երկխօսութեան համար: Եւ դա անհրաժեշտ է անել ոչ միայն այն պատճառով, որ դրանից կը շահեն Թուրքիան ու Հայաստանը, այլ որովհետեւ դրանից կը շահի ողջ տարածաշրջանը, հետեւաբար եւ՝ Եւրոպան:
Մենք իրօք մօտեցել ենք մի հանգրուանի, երբ հնարաւորութիւն կայ հասնելու առկայ իրավիճակի լուրջ փոփոխութեան: Դա առանց նախապայմանների, առանց երրորդ երկրների հարցերով երկկողմ յարաբերութիւնները պայմանաւորելու համագործակցութեան ուղին է: Այս պահին մենք ունենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման եւ երկկողմ յարաբերութիւնների զարգացման շուրջ ստորագրուած արձանագրութիւններ, որոնք այժմ սպասում են երկու երկրների խորհրդարանների վաւերացմանը:
Հայաստանում վաւերացման գործընթացն ընթանում է սահմանուած կարգով եւ առանց անհարկի ձգձգումների, ինչի վկայութիւնն է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը՝ սահմանուած ժամկէտից առաւել քան մէկ ամիս շուտ: Ուշադրութիւն եմ հրաւիրում այն փաստի վրայ, որ Սահմանադրական դատարանը որոշումը կայացրել է միաձայն, առանց որեւէ յատուկ կարծիքի. մի բան, որ իսկապէս շատ խօսուն է: Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ արձանագրութիւնները չեն պարունակում որեւէ դրոյթ, որը կարող է մեկնաբանուել որպէս հակասող Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան պահանջներին: Այդ որոշումն այս պահին ՀՀ Նախագահի նստավայրում է, եւ փաստաթղթերի ողջ փաթեթը պատրաստ է խորհրդարան ուղարկելու համար: <<Չեթթըմ Հաուս>>ի այս հանդիպումից անմիջապէս յետոյ ես պատրաստւում եմ հրահանգել իմ աշխատակիցներին Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրուած արձանագրութիւններն ուղարկել Ազգային ժողով՝ վաւերացման գործընթացն սկսելու համար:
Այսօր, այս հեղինակաւոր ամբիոնից ես վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետութեան հետեւողական նուիրուածութիւնն այս գործընթացին: Վերահաստատում եմ, որ որպէս խորհրդարանական մեծամասնութեան քաղաքական առաջնորդ բացառում եմ Թուրքիայի կողմից արձանագրութիւնները, պայմանաւորուածութեան համաձայն՝ առանց նախապայմանների վաւերացման դէպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վաւերացման տապալումը:
Թուրքիայի բարձրաստիճան պաշտօնեաներն անընդհատ խօսում են իրենց խորհրդարանի քաղաքական անկախութեան եւ դրա որոշման անկանխատեսելիութեան մասին: Աւելին, նրանք փորձում են ստանալ ոչ կուսակցական վաւերացում՝ ապահովելով նաեւ ընդդիմադիր կուսակցութիւնների հնարաւոր սատարումը: Դա հասկանալի է: Բայց պէտք է նաեւ յիշեն, որ ի դէմս Հայաստանի՝ գործ ունեն մի երկրի հետ, որն իր հետեւողականութեան ճանապարհին կանգ չառաւ անգամ իշխող կոալիցիայի կարեւոր դերակատարներից մէկին կորցնելու իրողութեան առջեւ: Վստահ եմ, որ Նախագահ Գիւլն ու վարչապետ Էրդողանը, քաղաքական կամքի դրսեւորման պարագայում, կը գտնեն բաւականաչափ աջակցութիւն Թուրքիայի խորհրդարանում մեծամասնութիւն կազմող իրենց կուսակիցների շարքերում:
Մենք վստահ ենք, որ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումը կարող է դառնալ վերջին տասնամեակների խոշորագոյն ներդրումը Հարաւային Կովկասում խաղաղութեան եւ կայունութեան հաստատման գործում: Այդ տեսլականով առաջնորդուելով՝ մենք համաձայնել ենք ընթանալ առաջ առանց նախապայմանների՝ չպայմանաւորելով մեր յարաբերութիւնները Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հանգամանքով: Բայց եթէ հաստատուեն մեր կասկածները, որ Թուրքիայի նպատակը ժամանակ ձգձգելն է եւ ոչ թէ յարաբերութիւնները կարգաւորելը, ապա ստիպուած ենք լինելու դադարեցնել այս գործընթացը:
Չեմ կարող ասել, թէ գործընթացը մինչ այս պահը հեշտ է ընթացել: Գաղտնիք չէ, որ Թուրքիայից անընդհատ հնչել են նախապայմաններ՝ կապուած ԼՂ հիմնախնդրի կարգաւորման հետ: Մինչդեռ ակնյայտ է, որ երկու գործընթացները կապելու փորձերը կը վնասեն թէ՛ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորմանը, թէ՛ ԼՂ հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթացին: Միեւնոյն ժամանակ ես կարծում եմ, որ որպէս գործելու եւ լուծումներ գտնելու ուղեցոյց, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների արագ կարգաւորումը կարող է դրական լիցքեր տալ եւ ուղեցոյց հանդիսանալ ղարաբաղեան կարգաւորման գործընթացին:
Աւելին ասեմ, ես ինքս եմ պատրաստւում հրաւիրել Նախագահ Ալիեւին Հայաստան-Թուրքիա սահմանի հնարաւոր բացման արարողութեանը: Դա, իմ կարծիքով, կարող է լինել տարածաշրջանի համար շատ կարեւոր եւ ինչ-որ տեղ նաեւ օրինակելի միջոցառում, որն ակնառու կերպով ցոյց կը տայ, թէ ինչպէս պէտք է լուծուեն առկայ խնդիրները, որ իւրաքանչիւր, նոյնիսկ ամենակարծրացած հակամարտութիւններն ունեն լուծման ուղի, եւ այդ ուղին միայն բանակցութիւններն են ու իրականութիւնը բաց աչքերով տեսնել կարողանալը: Վստահ եմ՝ ԼՂ հիմնախնդրի լուծմանն օժանդակելու լաւագոյն հնարաւորութիւնը սեփական երկրի օրինակով ցոյց տալն է, որ խնդիրները կարո՛ղ են լուծուել եւ հսկայական օգուտներ բերել ողջ տարածաշրջանին:
Հայերս, որպէս Ցեղասպանութիւն վերապրած ժողովուրդ, բարոյական պարտք ունենք մարդկութեան եւ պատմութեան առջեւ ցեղասպանութիւնների կանխարգելման հարցում: Մենք արել եւ անելու ենք ամէն ինչ՝ աջակցելու համար Ցեղասպանութեան կոնվենցիայի (ուխտի- համաձայնագրի-Խմբ.) շարունակական ոգեկոչմանն ու հետեւողական իրագործմանը: Ցեղասպանութիւնը չի կարող յուզել միայն մէկ ժողովրդի, քանի որ այն յանցագործութիւն է ողջ մարդկութեան դէմ:
Երէկ ինձ հարցնում էին, թէ ինչպէս պէտք է ներկայացնել Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ փաստերը Մեծ Բրիտանիային, եւ արդեօք ճանաչելով ցեղասպանութիւնը՝ Մեծ Բրիտանիան չի՞ վնասի Կովկասի անվտանգութեանը: Ես պատասխանեցի, որ կան բազմաթիւ երկրներ, որոնք այդ հարցում փաստերի ներկայացման կարիք չունեն, քանի որ այդ երկրները Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ ունեն սեփական հսկայական արխիւներ: Այստեղ այլ աշխատանքի կարիք կայ:
Հայ-բրիտանական յարաբերութիւնների սկիզբը ԽՍՀՄ փլուզումը չէր: Այդ յարաբերութիւնների ակունքները գալիս են դարերի խորքից: Փոխադարձ հետաքրքրութեան ու փոխգործակցութեան բացառիկ դրսեւորում էր հայ ժողովրդին պատուհասած ողբերգութիւնների ու նրա յետագայ ճակատագրի հանդէպ բրիտանական հասարակութեան անշահախնդիր հետաքրքրութիւնը: Դրա վառ վկայութիւնն են բրիտանական հայասիրական հուժկու շարժումն ու այն բրիտանացիների հիացմունքի արժանի մարդասիրական գործունէութիւնը, ովքեր առաջինն արձագանգեցին ու իրենց բողոքի ձայնն ու օգնութեան ձեռքը մեկնեցին ցեղասպանութիւն վերապրած հայ ժողովրդին: Հայոց Ցեղասպանութեան մասին բրիտանացիները իրազեկուեցին æեյմս Բրայսի, Առնոլդ Թոյնբիի, Ուիլեամ Գլադստօնի, Լլոյդ æորջի յայտնի աշխատութիւններից եւ յայտարարութիւններից:
Լոնդոնի քաղաքապետն ու Քենթերբերիի արքեպիսկոպոսը, բազում այլ նշանաւոր բրիտանացիներ ցեղասպանութեան տարիներին հիմնեցին Հայ գաղթականների հիմնադրամը (Armenian Refugees /Lord Mayors/ fund), որն իր գործունէութեամբ կոչուած էր թեթեւացնելու հայ տարագիրների վիճակը: Այս անուանացանկը կարելի է շարունակել:
Եւ վերջապէս Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համահեղինակութեամբ էր, որ 1915թ. Մայիսին ընդունուեց համատեղ մի յայտարարութիւն, որում հայերի դէմ իրագործուած բռնութիւններն ու կոտորածները որակուեցին որպէս <<յանցագործութիւն ընդդէմ մարդկութեան եւ քաղաքակրթութեան>>:
Ինչ վերաբերում է ցեղասպանութիւնը ճանաչելով անվտանգութեանը վնասելու մտավախութեանը, իմ զրուցակցին ես հակադարձեցի, որ դա նոյնն է, ինչ ընտրութիւն առաջարկել անվտանգութեան եւ արժէքային համակարգի միջեւ: Կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տեւական անվտանգութիւնը հնարաւոր է միայն, եթէ կառուցուած է խորապէս գիտակցուած արժէքային համակարգի վրայ:
Թոյլ տուէք ելոյթս աւարտել հայ-բրիտանական բարեկամութիւնը խորհրդանշող մեծն Բայրոնից մէջբերումով. <<Թերեւս դժուար լինի գտնել մի ազգի տարեգրութիւն, որն առաւել զերծ լինի ոճրագործութիւններից, քան հայերինը սակայն ինչպիսին էլ լինէր նրանց ճակատագիրը, որը դառն է եղել, ինչպիսն էլ լինի նրանց ապագան, Հայաստանը յաւէտ կը մնայ աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մէկը>>: Մենք հաւատում ենք մեր ապագային, հաւատում ենք, որ կայունութեամբ ու բարգաւաճմամբ, խաղաղութեամբ ու մեր բարեկեցութեամբ 21րդ դարում եւս կը մնանք աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մէկը:
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ