Ստի Լռութիւնը. Իլհամ Ալիեւը Ջանում Է Սեպ Խրել Հայ Ժողովրդի Եւ Իսլամական Աշխարհի Միջեւ

By Asbarez | Wednesday, 27 September 2017

0711leonid1

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Օրերս Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցաւ գիտութեան եւ տեխնոլոգիաների հարցերով Իսլամական համագործակցութեան կազմակերպութեան առաջին գագաթնաժողովը: Առաջին հայեացքից գագաթնաժողովի խորագիրն իսկ թելադրում է այդ ֆորումի (ժողովի-Խմբ.) նեղ մասնագիտացուած լինելը եւ ենթադրում զուտ գիտատեխնոլոգիական բնոյթի հարցերի քննարկում: Հնարաւոր է, հէնց այդպէս էլ կը լիներ, եթէ գագաթնաժողովն իր ներկայութեամբ չպատուէր Ադրբեջանի նախագահ Ալիեւին: Հաւանաբար, գործիչն այս կը դաւաճանէր ինքն իրեն, եթէ անգամ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան հետ բոլորովին կապ չունեցող այս <<չէզոք>> գագաթնաժողովի ամբիոնը չօգտագործէր պաշտօնական Բաքուի քարոզչութեան հերիւրանքները տիրաժաւորելու (բազմացնելու-Խմբ.) ու հայ ժողովրդի նկատմամբ ատելութիւն հրահրելու համար: Կարծում ենք, եթէ գիտական համաժողովի թեման լինէր <<Թթենու շերամի հարսնեակի զարգացման փուլերը>>, այդ դէպքում էլ Ալիեւն իր արտասովոր հայատեաց երեւակայութեամբ կը կարողանար նշուած թիթեռի էվոլիուցիան (զարգացումը-Խմբ.) կապել ղարաբաղեան հակամարտութեան հետ: Իսկ Արցախի Հանրապետութեան դէմ լայնամասշտաբ պատերազմի յանգեցրած հակամարտութեան էվոլիուցիան ամբողջովին այն պետութեան քաղաքական ղեկավարութեան խղճին է, որը նա հիմա ղեկավարում է:

Բայց վերադառնանք Աստանա: <<Հայաստանը շատ է ձգտում ընդլայնել կապերը մահմեդական տարբեր երկրների հետ: Հայաստանը, որն Ադրբեջանում աւերել է մեր սրբազան մզկիթները, չի կարող մահմեդական երկրների բարեկամը լինել>>, սա՝ Ալիեւի ելոյթից մի հատուած: Նա յղում է անում <<Շուշայի, Աղդամի եւ մեր միւս քաղաքների աւերուած մզկիթների լուսանկարների>> վրայ, որոնք, նրա խօսքով, <<հայկական վանդալիզմի (բարբարոսութեան-Խմբ.) փաստացի ապացոյցն են>>: Նկատենք՝ գոյութիւն չունեցող, աւելի ճշգրիտ՝ մտացածին <<վանդալիզմի>> գոյութիւն չունեցող լուսանկարներ, քանի որ Աղդամում մզկիթն ինչպէս կանգնած էր, այնպէս էլ ողջ ու անվնաս կանգնած է, Շուշիի մզկիթը՝ նոյնպէս, աւելին, այն ներկայումս վերակառուցւում է իրանցի մասնագէտների կողմից: Դեռ աւելին՝ Արցախի տարածքում գտնուող  պատմութեան եւ ճարտարապետութեան յուշարձանները, անկախ դրանց կրօնական ու էթնիկական պատկանելութիւնից, գտնւում են այն պետութեան պահպանութեան ներքոյ, որի անուանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն է:

Բնականաբար, Ալիեւն այս մասին չի կարող չիմանալ, ուստի աւելի լաւ կը լինէր, որ լուռ մնար: Ու առաւել եւս նրա կողմից շատ աւելի խելամիտ կը լինէր հայերին վանդալիզմի մէջ չմեղադրելը, նրա՝ Ադրբեջանի նախագահի կողմից, որի ուղղակի ցուցմունքով ի սպառ ոչնչացուեցին հազարաւոր խաչքարեր Հին Ջուղայի հայկական միջնադարեան գերեզմանոցում, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնում է: Ինչպէս եւ չարժէր մերկապարանոց պնդել, թէ <<Հայաստանում իսլամաֆոբիան (իսլամավախութիւնը-Խմբ.) հասել է իր գագաթնակէտին>>: Այն դէպքում, երբ բոլորին յայտնի է, որ հայկական ամէն ինչի նկատմամբ պաթոլոգիական (ախտաբանական-Խմբ.) ատելութիւնն Ադրբեջանում ոչ թէ պարզապէս իր գագաթնակէտին, այլ աննախադէպ չափերի է հասել՝ ներթափանցելով դպրոցական ծրագրեր, կինօարուեստ եւ գրականութիւն՝ անգամ մանկական, թէեւ, աւելի ճիշդ կը լինէր ասել՝ առաջին հերթին մանկական՝ հայատեացների հերթական սերունդ աճեցնելու համար: Այս մասին ահա Ալիեւը, անկասկած, բառ անգամ չարտասանեց, ու նրա այդ լռութիւնն այլ բնոյթ ունէր: Բայց Աստանա նա եկել էր բոլորովին ոչ այն բանի համար, որ լուռ մնար, ու, իբր, աւերուած մզկիթների ու հայկական իսլամաֆոբիայի գագաթնակէտի մասին նրա բոլոր բարբաջանքները հետապնդում էին միայն մէկ կեղտոտ նպատակ՝ սեպ խրել հայ ժողովրդի եւ իսլամական աշխարհի միջեւ: Այլ խօսքով՝ ձգտել անել այն, ինչը իր ժամանակ չյաջողուեց անել իր հօրը՝ Հէյդար Ալիեւին:

Յիշեցնենք, որ 90ականների սկզբին, իշխանութեան վերադառնալուց անմիջապէս յետոյ, Խորհրդային Ադրբեջանի նախկին կոմունիստական առաջնորդն ու ԽՄԿԿ Կենտկոմի քաղբիւրոյի անդամը եռանդուն կերպով ձեւափոխուել էր ուղղափառ ուղղահաւատ մահմեդականի ու փորձել ադրբեջանա-ղարաբաղեան էթնոքաղաքական հակամարտութեանը կրօնական բնոյթ հաղորդել: Հէնց Հէյդար Ալիեւի օրօք է պատերազմը Ղարաբաղում թեւակոխել արիւնալի փուլ. 1993ին նա լայնամասշտաբ յարձակում սկսեց ճակատի ողջ երկայնքով, ինչը բերեց երկու կողմերից հսկայական քանակութեան զոհերի: Ու հէնց նա է արմատական իսլամի կարգախօսերի ներքոյ հազարաւոր աֆղանացի ու չեչեն վարձկանների կոչ արել ադրբեջանական դրօշի տակ՝ մասնակցել այդ արիւնահեղ պատերազմին՝ փորձելով ոչնչացնել մեր հանրապետութիւնը:

Բարեբախտաբար, հայ ժողովրդի դէմ ողջ իսլամական աշխարհին տրամադրելու Ալիեւ-աւագի փորձերը ձախողուեցին: Որեւէ կասկած չկայ, որ նոյն ճակատագրին կ՛արժանանայ եւ նրա ձախողակ որդեակը, ով մտաւոր առումով շատ է զիջում իր աւելի փորձառու ու հնարամիտ հօրը: Թէեւ, այլ հանգուցալուծում չի էլ սպասւում, քանզի հայ ժողովրդի բազմադարեան պատմութիւնը ոչ քիչ էջեր է պարունակում, որոնք վկայում են մահմեդական երկրների հետ նրա բարիդրացիական յարաբերութիւնների մասին, որոնց զարգացման գործում հայերն անգնահատելի աւանդ են ունեցել: Դա ե՛ւ հարեւան Իրանն է, որի շնորհիւ նաեւ Հայաստանն ու Արցախը վերապրեցին տրանսպորտային (փոխադրական-Խմբ.)-տնտեսական շրջափակման ծանրագոյն պայմաններում՝ ստեղծուած Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից, որը մինչ օրս չի վերացուել: Դա ե՛ւ արաբական աշխարհի երկրներն են, որոնցից շատերն ապաստան են տրամադրել Օսմանեան Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան հազարաւոր զոհերին ու դրանով իսկ նրանց փրկել անխուսափելի կորստից, ինչի համար մեր ժողովուրդը խորապէս երախտապարտ է նրանց:

Կարծում ենք՝ իսլամի ճշմարիտ հետեւորդներն ի վիճակի են զանազանելու հայկական ցորենն ադրբեջանական որոմից: Նրանք Ադրբեջանի՝ յանցաւոր եւ կոռուպցիոն սկանդալների (փտած գայթաղութիւններու-Խմբ.) մէջ արատաւորուած ղեկավարութեանը հազիւ թէ թոյլ տան շահարկել իրենց կարծիքը՝ յօգուտ նրա կեղտոտ նպատակների, որոնք հեռու են համամարդկային բարոյականութեան նորմերից ու արժէքներից:

 

<<ԱԶԱՏ ԱՐՑԱԽ>>

 



comments

Advertisement