8 Տեսակ Արմաս Հայկական գինի եմ փորձել, հիացած եմ - Ժակլին Բիսեթ

By Asbarez | Saturday, 15 October 2016

1014jaklin-biset 1014jaklin-biset1 1014jaklin-biset2 1014jaklin-biset3

ՏԱԹԵՒ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

 

Աշխարհահռչակ կինօդերասանուհի Ժակլին Բիսեթը հիացած է հայկական գինիներով: <<Արմաս>> համալիրում ծանօթանալով հայկական գինեգործական աւանդոյթներին՝ համաշխարհային կինոյի յայտնի աստղը Aravօt.am-ի հետ զրոյցում նշեց. <<Ութ տեսակ <<Արմաս>> հայկական գինի եմ փորձել, հիացած եմ հայկական գինիներով: Ի հարկէ, գինիների գիտակ չեմ, բայց գինին արկած է>>: Կինօդերասանուհին յատկապէս հաւանեց <<Արմաս>> գինիներից <<Ոսկեհատն>> ու <<Կարմրահիւթը>>:

Ժակլին Բիսեթին հայկական գինեգործական աւանդոյթները ներկայացրեց <<Արմաս>> ընկերութեան տնօրէն Վիկտորիա Ասլանեանը: Կինօդերասանուհին յատկապէս տպաւորուած էր նրա ջերմ ընդունելութիւնից եւ յաջողութեան հասնելու մասին հետաքրքիր պատմութիւնից. <<Հիացմունքով լսում էի այս գեղեցիկ կնոջը՝ Վիկտորիային, ով մեզ պատմում էր յաջողութեան պատմութեան, տոկունութեան մասին: Ֆրանսիայում խաղողի այգիներում եղել եմ, բայց նման ուժի տէր անձնաւորութեան չեմ հանդիպել>>:

Ժակլին Բիսեթը շրջեց գինու գործարանում, ծանօթացաւ գինու պատրաստման ողջ գործընթացին՝ խաղողից մինչեւ գաւաթ, տեխնոլոգիաներին եւ տակառով հնեցման աւանդոյթներին: Նա արժանացաւ նաեւ տակառից համտես անելու պատուին: Իսկ տակառների վրայ հազարաւոր մակագրութիւնների կողքին <<հանգրուանեց>> նաեւ Ժակլին Բիսեթինը:

Խօսելով հայաստանեան տպաւորութիւնների մասին՝ կինօաստղը նշեց. <<Հիանալի այցելութիւն էր, ափսոս փոքր-ինչ կարճ: Ամէնից շատ ինձ դուր եկաւ այստեղի ջերմութիւնը: Ես անպայման հայաստանեան տպաւորութիւններս կը փոխանցեմ իմ՝ Լոս Անջելեսի հայ ընկերներին: Հարցին՝ ինչո՞վ զարմացրին համաշխարհային կինօաստղին, Վիկտորիա Ասլանեանը պատասխանեց. <<Զարմացնող է մեր իրականութիւնը. գինեգործութեան, կոնեակագործութեան եւ այգեգործութեան ոլորտի վերածնունդը, մշակոյթն ու ժառանգութիւնը: Պատմութիւնը, որ մենք ունենք, ոչ միայն բիբլիական լեգենդն է Նոյեան տապանի մասին, այլ ունենք ապացոյցներ, որ առաջին գինեգործներն ենք, առաջին այգեգործները, արտակարգ որակ ենք ապահովել, նոյնը կարող ենք անել այսօր, դեռ աւելին>>: Վիկտորիա Ասլանեանը կարեւորեց հայկական գինեգործութեան ոլորտի ճիշդ մատուցումն ու ներկայացումը. <<Մենք Արմասում փորձում ենք զբօսաշրջութիւնը, ագրոտուրիզմը, գինու տուրիզմը զարգացնել, որ կարողանանք այդ ամէնը ճիշդ ներկայացնել ու վստահութիւն ստեղծել, որ ապահովուած է որակը, մաքրութիւնը: Այստեղ մենք յիշողութիւն ենք կերտում, հնարաւորութիւն տալիս, որ մարդիկ ընկերներով ու ընտանիքներով այստեղ ունենան լաւ յիշողութիւններ եւ դրա մասին պատմեն: Իրենք ակամայից դառնում են բրենդի դեսպաններ>>:

Վիկտորիա Ասլանեանը յորդորում է բոլորին պատմել հայկական գինեգործական աւանդոյթների մասին՝ վստահեցնելով, որ դա բոլորիս գործն է: Հետաքրքրուեցինք՝ յաճա՞խ են <<Արմաս>>ում հիւընկալւում նման հանրայայտ մարդիկ, գործադիր տնօրէնը պատասխանեց. <<Ամէն հիւր էլ մեզ համար կարեւոր է: Ի հարկէ, ոգեւորւում ենք, երբ հիւընկալում ենք հանրայայտ մարդկանց՝ Ժակլին Բիսեթ, Հրանդ Թոխատեան, Վահէ Պէրպէրեան, բազմաթիւ դեսպաններ, գինեգործներ, այգեգործներ, գինու սիրահարներ>>: Վիկտորիա Ասլանեանը վստահ է, որ այժմ հայկական գինեգործութեան վերածնունդն է. <<Ունենք ժամանակակից արտադրանք, որակ, որ կարող ենք հպարտօրէն մատուցել միջազգային շուկայում>>: Վիկտորիա Ասլանեանը փաստեց, որ Հայաստանում ստեղծուած են արտակարգ պայմաններ խաղողի աճեցման համար. <<30 շերտ տարբեր հողեր, 300 օր արեւ, ցուրտ ձմեռներ, տաք ամառներ, ամառային պաղ երեկոներ: Ունենք արտակարգ խաղող, ժամանակակից գործարաններ, որ այդ խաղողները ճիշդ մթերում եւ արտակարգ գինիներ ենք պատրաստում>>: Նաեւ սա է պատճառը, որ <<Արմաս>>ը կարճ ժամանակահատուածում միջազգային 17 հեղինակաւոր մրցանակների է արժանացել, օրինակ՝ <<Դեկանտեր 2015>> մրցանակի: <<Արմաս>>ն իր արտադրանքն արտահանում է Լոս Անջելես, Բերլին, Բրիւսէլ, Մոնրէալ, շուտով նաեւ Տոկիօ եւ Ռուսաստան:

Վիկտորիա Ասլանեանը հայկական շուկայում մրցակիցներ չի ցանկանում փնտռել, համոզուած է, որ պէտք է թիմով աշխատել. <<Մենք ասում ենք, որ մեր մրցակիցները ֆրանսիական, իտալական գինիներն են եւ օղին: Մենք պիտի լինենք թիմ, յատկապէս որպէս գինեգործներ: Ներքին շուկան պիտի աճեցնենք>>:

 

<<Առաւօտ>>

 



comments