Օրինակելի Հայկական Հարսանիք՝ Աւանդականի Ու Ժամանակակիցի Միաձուլմամբ

By Asbarez | Sunday, 04 June 2017

Տեսանիւթը դիտել՝  https://www.facebook.com/asbarez/videos/10154631216938201/

Պատրաստեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

Հայրենիքից հեռու մեծացած Արտեոմ Մելիքեանն ու Սեդա Գրիգորեանն իրենց կեանքի նուիրական օրն անցկացրեցին Հայաստանում՝ նորաստեղծ ընտանիքի արմատները հիմնելով հայրենիքում: Նրանց հարսանեկան արարողակարգերը ներառում էին բազմաթիւ աւանդական տարրեր, որոնք Արտեոմն ու Սեդան մատուցեցին ժամանակակից գոյներով ու հնչիւններով:

Սաղմոսավանքի սուրբ հովանու ներքոյ, փեսան <<Եարխուշտա>>ով հաստատեց հայի անպարտ ոգին, հարսն էլ <<Թամզարա>>ով միացաւ սիրեցեալին՝ ամբողջացնելով Սիրոյ ու Յաւերժութեան սուրբ շրջանը:

Արտեոմն ու Սեդան խոստովանում են, որ անկրկնելի են եղել զգացողութիւնները հարսանիքի իւրաքանչիւր պահից, որոնք լի էին դարերից եկող խորհուրդներով: <<(Հարսանիքին նախապատրաստուելիս) Մենք տեղեկացանք բազում հիանալի աւանդոյթների մասին, այն խորհուրդների, որոնք վերջիններիս միջոցով հաղորդւում են, եւ ինչի մասին երբեք չէինք լսել:  Զարմացել էինք, թէ ինչպէս նման աւանդոյթների հարուստ գանձարան ունեցող ժողովուրդը չի օգտւում դրանցից: Եւ մեր որոշումը հաստատ էր՝ մեր հարսանեաց հանդէսը պէտք է տոգորուած լինէր հայկական ոգով, մշակոյթով, աւանդոյթներով>>, պատմում է Սեդա Գրիգորեանը:

Արտեոմ Մելիքեանի ու Սեդա Գրիգորեանի հարսանիքը կարող է հիանալի օրինակ լինել սփիւռքահայ, ու նաեւ՝ հայրենիքում բնակուող երիտասարդների համար: Հարսանիքի մտայղացման ու իրականացման մասին ստորեւ ներկայացնում է Սեդա Գրիգորեանը (նաեւ, հարսանիքից՝ հակիրճ տեսանիւթ. https://www.facebook.com/asbarez/videos/10154631216938201/

 

ՄՏԱՅՂԱՑՈՒՄ

 

Ես ու Արտեոմը մեծացել ենք հայրենիքից հեռու, սակայն, շնորհիւ մեր ծնողների ու նրանցից ստացած դաստիարակութեան, մենք երբեք չենք կորցրել կապը մեր արմատների հետ: Մենք պարբերաբար այցելում էինք Հայաստան, անգամ, այսպէս կոչուած՝ <<մութ>> տարիներին: Սէրը հայրենիքի, նրա մշակոյթի ու լեզուի նկատմամբ, հայ լինելու հպարտութիւնը ներարկուած է եղել մեզ վաղ մանկութիւնից: Սա շատ նպաստեց ամուսնուս հետ մերձեցմանը:

Արտեոմն ու ես միշտ պատրաստ ենք եղել ընդառաջ գնալ նոր փորձին, իւրայատուկ, ոչ սովորական մտայղացումներին, ստեղծագործական մօտեցմանը, եւ մեր հարսանեաց հանդէսը պէտք է համապատասխանէր այս ամէնին: Նկատի ունենալով այն, որ վերջին ժամանակների հայկական հարսանիքները շատ նման են մէկը միւսին. երբեմն նախապէս գիտես, թէ սցենարով որն ինչից յետոյ է լինելու՝ համատարած է կարծրատիպային մօտեցումը, նուազագոյն փոխազդեցութիւն է լինում հիւրերի հետ: Ամենագլխաւորը՝ հայկական հարսանիքը դադարել է հայկական լինելուց: Երիտասարդութիւնը, չգիտես ինչու, մոռացել է մեր հրաշալի աւանդոյթները՝ սկսելով ձգտել մեզ համար խորթ ամերիկեան, եւրոպական, երբեմն էլ նաեւ՝ արեւելեան սովորոյթների: Օտարոտի աւանդոյթներով համեմուած հարսանի՞ք: Ո՛չ, երբե՛ք: Ու մենք սկսեցինք խորհել, թէ ինչպէ՛ս պէտք է անցնի մեր կեանքի այդ կարեւորագոյն օրը։

Մեր համար անքննարկելի էին մի քանի պահեր, եւ գլխաւորը՝ այն, որ մեր հարսանեաց հանդէսը պէտք է տոգորուած լինէր հայկական ոգով, մշակոյթով, աւանդոյթներով: Ստեղծուէր մի մթնոլորտ ու տրամադրութիւն, որպէսզի հիւրերը միաւորուէին տօնակատարութեան ընթացքում եւ ակտիւ մասնակցութիւն ունենային խնջոյքին: Յետագայում Արտեոմն առաջարկեց օրուայ մի մասն անցկացնել հայկական ազգային հագուստով ու մենք որոշեցինք տարազով լինել հարսանեկան ծէսի ամենակարեւոր արարողութեանը՝ եկեղեցական պսակադրութեան ժամանակ: Դրա շնորհիւ, յետագայ տօնակատարութեան մեր պատկերացումներն աւելի յստակացան:

Երախտապարտ ենք մայրիկիս մօտ ընկերուհուն, Հայաստանում ազգագրութեան լաւագոյն մասնագէտներից մէկին՝ Հռիփսիմէ Պիկիչեանին, քանզի հէնց նա գլխաւորապէս ոգեշնչեց մեզ մեր մտայղացման կենսագործման հարցում: Նա շատ հիւթեղ ու մանրամասն  պատմեց իսկական հայկական հարսանեկան արարողութեան մասին, ինչպիսիք անց էին կացւում հարիւրաւոր տարիներ առաջ, սակայն մեր օրերում եւս ապշեցնում են իրենց մտածուածութեամբ ու խորհրդանիշներով: Մենք տեղեկացանք բազում հիանալի աւանդոյթների մասին, այն խորհուրդների, որոնք վերջիններիս միջոցով հաղորդւում են, ինչի մասին երբեք չէինք լսել: Զարմացել էինք, թէ ինչպէս նման աւանդոյթների հարուստ գանձարան ունեցող ժողովուրդը չի օգտւում դրանցից: Արդիւնքում, որոշեցինք, որ մեր հարսանեաց հանդէսն անպայման ներառնելու է հայկական աւանդական հարսանիքի տարրեր:

 

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔ

 

Հարսանիքի նախապատրաստմանը ձեռնամուխ եղանք մանրակրկիտ ձեւով: Մեր առջեւ խնդիր էր ծառացել՝ մտայղացումն ինքնուրո՞յն իրագործել, թէ դիմել հարսանեկան գործակալութեանը, որ կ՛օգնէր մեզ կազմակերպել հարսանեկան արարողութիւնը: Երկար մտորումներից յետոյ, այնուամենայնիւ, որոշեցինք ինքնուրոյն իրագործել ամէն բան եւ չսխալուեցինք:

Հարսանիքի կազմակերպումը բաղկացած էր առանցքային պահերից, այն է՝ եկեղեցու ընտրութիւն, մեր տարազների կարում, ինչպէս նաեւ՝ օրուայ երկրորդ մասի հագուստի ընտրութիւն, ճաշասրահ, հարսանեկան արարողութեան ու սեղանների ձեւաւորում, երաժշտական ծրագիր, զուարճալիքներ եւ այլն, եւ այլն… Բազմաթիւ կարեւոր պահեր, որոնցից իւրաքանչիւրը պահանջում էր մանրակրկիտ մօտեցում՝ ինչը որակեալ արդիւնքի հասնելու գրաւականն էր: Մենք շատ յաճախ էինք հանդիպում կազմակերպիչներին, բացատրելով, թէ ի՛նչ ենք մենք նրանցից ակնկալում: Անշուշտ դժուարութիւններ էին ծագում, բայց ընդհանուր առմամբ իւրաքանչիւր ոք, ով իմանում էր մեր տեսլականի մասին, ոգեշնչւում էր այդ մտայղացումներով:

Շատ հետաքրքիր էր տարազների ընտրութիւնը: Ես կանգ առայ Վանայ հարսի հարսանեկան գեղատեսիլ տարազի վրայ, իսկ Ատեոմն ընտրեց իմ հագուստի գոյներ պարունակող՝ Արցախի տարազի տարրերով հագուստ: Մօրական կողմից տատիկս Վանում բնակուած ու Եղեռնի ժամանակ հրաշքով վերապրած ազնուական տոհմի ներկայացուցիչ է, եւ  հպարտ եմ, որ իմ արմատները հրաշք քաղաք Վանից են: Արտեոմի ընտրութիւնը նոյնպէս պատահական չէր, քանզի հօրական կողմի նրա տատիկը ծնունդով Արցախից էր: Հարսանեաց օրուայ առաւօտ, հայելու մէջ նայելով ինձ զգացի որպէս շատ գեղեցիկ եւ իսկական հայկական հարսնացու:

Ամենագեղատեսիլը՝ թաւշեայ կարմիր գօտին էր, որը հնուց հագցւում էր հարսնացուին, ի նշան այն բանի, որ նա այլեւս կին է դառնում ու կեանքի նոր փուլ է թեւակոխում:

Երբ մեր ականջին հասան մօտեցող երաժշտութեան հնչիւնները, որոնք նախանշում էին մեր հիւրերի ժամանումը, ինձ այնպիսի ցնծութիւն եւ ուրախութիւն համակեց, որ բառերով դժուար է դա նկարագրել: Ի դէպ, հարսի տունը մենք նոյնպէս զարդարել էինք հայկական աւանդական ոճով, եւ պատրաստել մեր աւանդական ուտեստներից բաղկացած իսկական հայկական ճաշասեղան:

 

ՀԱՐՍԱՆԻՔ

 

Ի՞նչ հայկական հարսանիք առանց կրակոտ երաժշտութեան ու պարերի: Մեր հարսանիքը սկզբից մինչեւ վերջ ուղեկցւում էր ժողովրդական երաժշտութեամբ ու պարերով, ինչում մեզ օգնեց ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ եւ հայ ազգագրական պարերի լաւագոյն գիտակ Գագիկ Գինոսեանը՝ իր ղեկավարած ազգային երգի ու պարի <<Կարին>> համոյթով: Նա նաեւ շատ բան պատմեց մեզ աւանդական հայկական հարսանիքի մասին, ակտիւօրէն մասնակցեց  նախապատրաստման փուլին, ինչպէս նաեւ՝ սովորեցրեց մեզ ազգագրական պարերի հիմնական շարժումները:

Թերեւս տարօրինակ թուայ, բայց մեր հարսանիքի պարային մասն անքակտելիօրէն աղերսուած էր եկեղեցու ընտրութեանը: Հարսանիքից առաջ մի օր Արտեոմը որոշել էր ինձ անակնկալի բերել՝ տանելով այն եկեղեցին, ուր ես երբեք չէի եղել: Դա հինաւուրց Սաղմոսավանքն էր, որը գտնւում է Քասախ գետի կիրճի վերեւում: Առաջին իսկ հայեացքից սիրահարուեցի այդ տաճարին ու վայրին, որից փառահեղ տեսարան է բացւում ու կարճ մտորումներից յետոյ մեր ընտրութիւնը կանգ առաւ հէնց Սաղմոսավանքի վրայ: Թէպէտ ոչ հեռու գտնուող Օհանավանքն ու Կարմրաւորը չէին զիջում Սաղմոսավանքին, այնուհանդերձ ամենաապշեցուցիչ տեսարանը հէնց վերջինիցս էր: Հէնց այս եկեղեցու մօտ են նկարահանուել բոլորիս կողմից սիրուած <<Տղամարդիկ>> ֆիլմի պարային տեսարանները ու մենք որոշեցինք հէնց այդ դրուագը վերարտադրել մեր հարսանեկան հանդէսում: Եկեղեցում կայացած պսակադրութիւնից յետոյ, երբ մենք դուրս եկանք այնտեղից որպէս ամուսիններ, հնչեց պարային մեղեդին ու այդ պահից մեկնարկեց նոր տօնակատարութիւնը:

Եկեղեցու յետեւի բացատում սկիզբ առան հայկական պարերը՝ մենք պարեցինք <<Վեր-վերի>>, եւ մեզ միացան նաեւ հիւրերը: Երբ սիրտդ լի է ցնծութեամբ՝ ի՞նչ է մնում բացի պարի նետուելուց: Ծրագրի առանցքն այն անակնկալն էր, որը Արտեոմն էր պատրաստել իմ եւ բոլոր հիւրերի համար: Կարճ ժամանակում նա իւրացրել էր մարտական <<Եարխուշտա>> պարը, որն էլ պարեց հէնց այնտեղ: Դա ցնցող էր ու ես շատ հպարտ էի նրանով: Իսկ հիմա պատկերացրէք, որ այդ ամէնն ուղեկցւում էր զուռնա-դհոլի կենդանի մեղեդիներով ու մեր ազգային տարազներով: Կրքերն անկրկնելի էին:

Ճաշկերոյթի սրահում մեր կրակոտ պարերը շարունակուեցին: <<Կարին>> համոյթը հրաշալի ներկայացրեց հէնց այն պարերը, որոնք աւանդաբար պարել են հայկական աւանդական հարսանիքներին: Մենք նախապէս պայմանաւորուել էինք թամադայի հետ, որ նա նախապէս հակիրճ  ներկայացնի, թէ որ պարն ի՞նչ է խորհրդանշում: Մեր ցանկութիւնն էր նաեւ, որ բոլոր հիւրերը մէկտեղուէին մէկ պարի՝ շուրջպարի մէջ, եւ մեր մտայղացումն իրականութիւն դարձաւ՝ <<Կարին>> խումբը պարեց <<Վեր-վերի>>ն ու <<Թամզարա>>ն, <<Քոչարի>>ն ու <<Եարխուշտա>>ն, զուգահեռ հիւրերին ցուցադրելով հիմնական շարժումները: Բոլոր ցանկացողներն այնպիսի վիթխարի շրջան էին կազմել, որ պարահրապարակում ասեղ գցելու տեղ չէր մնացել: Դրանք իսկական հայկական պարեր էին:

Պատմենք նաեւ մի այնպիսի հրաշալի աւանդոյթի մասին, ինչպիսին մոմերով պարն էր որը մենք, մի փոքր փոփոխելով, իրագործեցինք հարսանիքի վերջում: Հայկական աւանդական հարսանիքներին այդ պարը պարում են հանդիսութեան վերջում, բաց երկնքի տակ:

Խորհրդանիշներն այստեղ շատ են. շրջանը՝ յաւերժութեան ու կեանքի աւանդական հայկական խորհրդանիշն է, սակայն աներեւակայելի է մի այլ խորհրդանիշ՝ այս պարի իմաստն այն է, որպէսզի մոմերով ցոյց տրուի աստեղային երկինքը, ասել է թէ՝ Տիեզերքն ընդունում է նոր ընտանիքը: Միթէ՞ ցնցող չէ…

 

ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

Հայ ժողովրդի ուժը սեփական միասնութեան մէջ է: Մեր պատմութեան բերումով հայերից շատերը յայտնուել են աշխարհի տարբեր ծայրերում, սակայն հայն իրաւունք չունի միաձուլուելու այլ ազգերին: Եթէ մենք կորցնենք կապը մեր արմատների հետ, եթէ մոռանանք, թէ ո՞վ ենք, մեր մշակոյթը, լեզուն, հաւատքը, ապա ի՞նչ կը լինի մեր ազգի հետ: Մենք կը վերանանք աշխարհի երեսից: Կ՛ուզենայինք, որպէսզի մեր երիտասարդութիւնը, որը Հայաստանի ապագան է, հայրենիքից հեռու գտնուելու դէպքում անգամ, չկորցնի իր հայկական պատկանելութիւնը, հայրենիքի նկատմամբ սիրոյ ոգով դաստիարակի սեփական զաւակներին: Հնարաւոր է, որ իմ ու Արտեոմի երեխաները նոյնպէս մեծանան ոչ Հայաստանում, բայց մենք խոստանում ենք դաստիարակել նրանց որպէս իսկական հայեր:

Արտեոմն ու ես ցանկանում ենք մաղթել հայ երիտասարդութեանը կազմակերպել այնպիսի հարսանիքներ, որպիսիք սրտամօտ են նրանց: Ամէն բան անպայման կը ստացուի, եթէ ձեզ միաւորում է սէրը: Ի՞նչ յաւելել: Մէկ բան միայն՝ հարսանիքի կարեւոր մասը՝ եկեղեցում պսակադրութիւնն է: Եթէ այդ արարողութիւնն անց է կացւում բոլոր կանոնների համաձայն, ապա խօսքերով դժուար է հաղորդել դրա էութիւնն ու իմաստը: Դա լոկ պէտք է վերապրել: Դու իսկապէս գիտակցում ես ընտրածդ ուղու հետ կապուած ողջ պատասխանատուութիւնը, դու երդւում ես Աստծոյ առաջ սիրել ու փայփայել ընտրեալիդ, դու հասկանում ես, թէ ի՛նչ է նշանակում ընտանիք ստեղծելը: Բառերով սա դժուար է ձեւակերպել: Անկեղծօրէն մաղթում եմ բոլորին իրենց վրայ զգալ բոլոր այս անմոռանալի պահերը:

 



comments